Ձիերը, ինչպես նաեւ մարդու կողմից տնային դարձրած մյուս կենդանիները, մարդկանց ճանաչում են նշանների մի ամբողջ համակցությամբ՝ դա թե՛ արտաքինն է, թե՛ ձայնի հնչերանգը, թե՛ հոտի առանձնահատկությունները: Ֆրանսիայից գիտնականները որոշել են պարզել՝ ձիերն արդյոք կարո՞ղ են տիրոջը ճանաչել միայն լուսանկարով, փոխանցում է Planet- today-ը: 

Փորձի հեղինակները 11 ձիերի սովորեցրել են ընտրել 2 թվային պատկերներից մեկը՝ մռութով հպվելով սենսորային էկրանին: Կենդանիներին մարզել են նախ պարզ պատկերներով (օրինակ՝ անհրաժեշտ էր ընտրություն կատարել ձիու պատկերի եւ սեւ շրջանի միջեւ), այնուհետեւ ավելի բարդ պատկերներով: Ի վերջո, փորձաձիերին սկսել են ցույց տալ մարդկանց պատկերներ, որոնց թվում էին նրանց տերերը՝ ինչպես ներկա, այնպես էլ նախկին:

Փորձը ցույց է տվել, որ ձիերը նախընտրում են այն լուսանկարները, որոնցում պատկերված են իրենց տերերը: Կենդանիները 75 տոկոս դեպքերում ընտրություն են կատարել տերերի լուսանկարների օգտին (նույնիսկ նախկին, որոնց վերջին անգամ տեսել էին կես տարի առաջ), ինչն ակնհայտորեն ավելի մեծ է, քան պատահական համընկնումը:

Ֆրանսիացի հետազոտողներն ասում են, որ ինչպես փորձը ցույց է տալիս, ձիերը կարողանում են ոչ միայն ստույգ տարբերակել երկչափ պատկերները, այլեւ դրանցից ստացած տեղեկությունը համադրել իրական աշխարհից ստացածի հետ: Այս ունակությունը պահանջում է միանգամայն համալիր մտավոր ջանքեր, քանի որ լուսանկարներում բացակայում են իրական աշխարհից մեծ թվով տեղեկություններ: