Եթե դուք մշտապես սրբերի դեմքեր եք տեսնում շրջապատող աշարհի տարատեսակ առարկաների վրա, ապա դա, ինչպես պարզել են Կանադայից եւ Չինաստանից գիտնականները, բացարձակ նորմալ է։ Խոսքը մարդկանց տեսողական համակարգի հետաքրքիր առանձնահատկության մասին է, գրում է Med-heal.ru-ն։

Իրականում գոյություն ունեցող օբյեկտների երեւակայական տեսողական կերպարներ ձեւավորելու գլխուղեղի ունակությունը ընդունված է անվանել պարեյդոլիա։ Շատ մարդիկ դեմքեր են տեսնում ծառի ճյուղերի եւ գորգի նախշերի, ինչպես նաեւ ուտելիքի, ամպերի ու այլնի մեջ։ Եթե սրան ավելացնենք նաեւ կրոնական ենթատեքստ, ապա կերեւան արդեն ոչ թե պարզապես դեմքեր, այլ սրբերի դեմքեր։

Հետազոտողներն ասում են, որ ամբողջ հարցը մեր տեսողական համակարգի առանձնահատկությունների մեջ է, որոնք մի ժամանակ թույլ էին տալիս մեր հեռավոր նախնիներին գոյատեւել թշնամական միջավայրում։ Այսինքն, պարեյդոլիան կարեւոր էվոլյուցիոն առավելություն է եղել կենսաբանական պատմության որոշակի փուլում։ Նա, ով ավելի արդյունավետ էր ճանաչում խիտ թփերում թաքնվող գիշատիչներին, ավելի մեծ հավանականությամբ էր գոյատեւում։

«Մարդու ուղեղը գենետիկորեն հակված է շրջապատող աշխարհի օբյեկտներում ճանաչել դեմքերը, այսինքն դա շատ նորմալ է։ Նույնիսկ եթե մենք տեսնում ենք դեմք հիշեցնող ինչ-որ բան, ապա ուղեղը սկսում է օբյեկտը մեկնաբանել հենց որպես դեմք»,- ասել է Կան Լին՝ նոր հետազոտության հեղինակներից մեկը։ Գիտնականը հավելել է, որ ուղեղի նեյրոնային կառույցները, որոնք պատասխանատու են պարեյդոլիայի համար, միայն վերջերս են հայտնաբերվել։