Մոծակին հայտնաբերել են 2017-ի օգոստոսին հարավ-արեւմտյան Սիչուան շրջանի լեռներում միջատաբան Չժաո Լիի կողմից կազմակերպված արշավի ժամանակ եւ ուսումնասիրել են առնվազն մինչեւ 2018-ի ապրիլ:
Մոծակի թեւերի բացվածքը կազմում է 11,15 սմ, այն դեպքում, երբ այդ տեսակի սովորական ներկայացուցչի մոտ այն չի գերազանցում 8 սմ-ը։ Հաստատվել է, որ սա միջատների այս տեսակի մեջ խոշորագույնն է աշխարհում, հայտնում է Nat-geo-ն՝ հղում անելով South China Morning Post-ին։
Արշավախմբի ղեկավար Չժաո Լին Արեւմտյան Չինաստանի Չենդու քաղաքում Միջատների թանգարանի ղեկավարն է, որտեղ էլ կցուցադրվի գտածոն։ Մասնագետը մի քանի ամիս է ծախսել միջատի ուսումնասիրման համար, որպեսզի վերջնականապես համոզվի, որ այն հավակնում է խոշորագույնի կոչմանը։
Մոծակը պատկանում է երկարաոտների ընտանիքին, Holorusia mikado տեսակին։ Առաջին անգամ միջատների նման ներկայացուցիչներ հայտնաբերվել են Ճապոնիայում՝ բրիտանացի միջատաբան Ջոն Վեստվուդի կողմից, 1876թ․։ Սակայն դրանց թեւերի բացվածքը մինչեւ 8 սմ է եղել։
Չնայած այն բանին, որ նման մոծակները սարսափելի տեսք ունեն, դրանք չեն պատկանում արյուն քաշողների թվին, վատ են թռչում եւ մարդու համար սպառնալիք չեն ներկայացնում։
Միջատների թանգարանում, որտեղ գտնված մոծակը կներկայացվի հանրությանը, կան ավելի քան 700 000 արարածներ՝ աշխարհի 40 երկրներից։





























