Անգլիկան եկեղեցու հոգեւոր ղեկավար Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին կարանտինի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում մտցվել էր նոր տեսակի կորոնավիրուսի առաջացրած հիվանդության տարածման պատճառով, որպես կամավոր գաղտնի աշխատել է լոնդոնյան հիվանդանոցում, հայտնում է The Daily Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ 64-ամյա հոգեւորականն անցել է անհատական պաշտպանության միջոցները ճիշտ կրելու եւ վարակված մարդկանց հետ վարվելու հատուկ դասընթաց: Նա դրանից հետո սկսել է այցելել Սուրբ Թոմասի հիվանդանոց, որը նրա նստավայրից՝ Թեմզայի հարավային ափին գտնվող Լամբեթի պալատից հեռու չէ: Հենց այս հիվանդանոցում է մեկ շաբաթ անցկացրել կորոնավիրուսով վարակված երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը, այդ թվում՝ մի քանի օր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: The Daily Telegraph-ը հստակեցնում է, որ Քենթրբերիի արքեպիսկոպոսը հիվանդանոցում վարչապետի հետ չի շփվել:
«Կարանտինը սկսվելու պահից [արքեպիսկոպոս] Ջասթինը Սուրբ Թոմասի հիվանդանոցում կամավոր ծառայել է որպես կապելլան, նա այնտեղ կողք կողքի է աշխատել մյուս կապելլանների հետ՝ աղոթելով հիվանդների եւ մահացողների համար: Նրան ահռելի մխիթարություն է բերում կարանտինի ժամանակ ֆիզիկապես մարդկանց տեսնելու եւ նրանց հետ միասին աղոթելու հնարավորությունը՝ անելով այն, ինչով հոգերեւորականները զբաղված են ամբողջ երկրում»,- պարբերականին ասել է չներկայացած աղբյուրը, որը մոտ է Անգլիկան եկեղեցու հոգեւոր ղեկավարին: Դրա պաշտոնական ղեկավարն է Եղիսաբեթ II թագուհին:
Մեծ Բրիտանիայի եկեղեցիները կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին դեռեւս մարտի կեսին: Մարտի 23-ից երկրում գործում է կարանտինը, որը սկսում է այսօրվանից փոքր-ինչ մեղմացվել: Սակայն կառավարական ծրագրի համաձայն սովորական կյանքին, եկեղեցիներում ժամերգությանը փուլային վերադարձ կլինի միայն հուլիսին:
Բրիտանական առողջապահության նախարարության վերջին տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 226 հազարի, իսկ մահվան դեպքերի թիվն անցել է 32,6 հազարից:




























