Առաջատար ամերիկյան ավիաընկերությունները չեն նախատեսում ստիպել ուղեւորներին բժշկական դիմակներ կրել թռիչքի ընթացքում եւ շեշտադրում կանեն նրանց պատասխանատվության զգացումի վրա: Այս մասին հայտնել է CNN-ը` վկայակոչելով իր դրամադրության տակ հայտնված ավիափոխադրողների նոր հրահանգները, որոնք նախատեսված են օդանավերի անձնակազմների եւ օդաչուների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

American Airlines ավիաընկերությունում թույլ կտան առանց դիմակների ուղեւորներին չթողնել սրահ, իսկ սակայն եթե ուղեւորն արդեն ինքնաթիռում է, ապա բորտուղեկցորդների դերն «ավելի տեղեկատվական է դառնում, քան պարտադիր կատարման համար»: Օդանավերի անձնակազմին խորհուրդ է տրվում համոզման միջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր հրաժարվում են ծածկել իրենց դեմքը, «բայց` չգնալ էսկալացիայի ճանապարհով»:

United Airlines-ում հաշվի կառնեն բազմաթիվ բացառություններն ընդհանուր կանոնից եւ, օրինակ, չեն պահանջի դիմակ կրել քրոնիկ հիվանդություններ ունեցող ուղեւորներից: Ինքնաթիռում վեճերի ծագման դեպքում թռիչքային սպասավորներին հանձնարարված է օգտվել իրավիճակի «դեէսկալացիայի հմտություններից» եւ նստեցնել վիճաբանողներին:
JetBlue Airways-ը պահանջում է, որպեսզի ուղեւորներին անընդհատ հիշեցնեն, որ «իրենց եւ անձնակազմի անդամներին հարկավոր է ծածկել դեմքերը»: Այս ավիաընկերությունը նախապես խոստովանում է, որ կանոնների կատարման ճանապարհին «մարտահրավերներ եւ խնդիրներ» կառաջանան: Ուստի անձնակազմին խորհուրդ է տրվում օդանավում իրավիճակը ծայրահեղության չհասցնել` օգտագործել իրենց ամբողջ փորձն եւ հմտությունները միջադեպերը նվազագույնի հասցնելու համար: JetBlue-ն ուղեւորի հրաժարվելը դիմակ կրել բավարար պատճառ չի համարում երթուղին փոխելու, վայրէջք կատարելու եւ խախտողին օդանավից իջեցնելու համար:

ԱՄՆ-ում ուղեւորափոխադրումները համավարակի պատճառով կրճատվել են գրեթե 95 տոկոսով:  Berkshire Hathaway հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը հայտնել է, որ դեռ ապրիլին նա վաճառել է իրեն պատկանող  բաժնետոմսերն ԱՄՆ չորս առաջատար ավիաընկերություններում: Նրա ընդհանուր մասնաբաժինը 10 տոկոս է կազմել, ձեռք է բերվել 2016 թվականին 7-8 միլիարդ դոլարով եւ վաճառվել է անցած ամիս 6.1 միլիարդ դոլարով: