Արգենտինայից հնէաբանները Պատագոնիայում վիթխարի հնագույն մեգառապտորի կմախք են հայտնաբերել: Գիշատիչ դինոզավրի երկարությունը կազմել է 10 մետր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մատանս քաղաքի CTyS-UNLaM համալսարանին առընթեր գիտության հանրայնացման արգենտինական գործակալությանը:

«Արգենտինացի գիտնականներին հաջողվել է պեղել վիթխարի մսակեր մողեսի կմախքը, որն ապրել է շուրջ 70 մլն տարի առաջ Սանտա Կրուսի հարավարեւելյան հատվածում: Հնէաբանները հայտնաբերել են ողեր, կրծոսկրի եւ ուսային գոտու ոսկորների հատվածներ, ինչպես նաեւ առանձին կողոսկրեր»,- հստակեցվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հետազոտող Մաուրո Արանսյագիի խոսքով, որը մասնակցել է արշավախմբին, խոսքը գիտության համար նոր մեգառապտորի անչափ խոշոր նմուշի մասին է: Այս դինոզավրերը գիշատիչ էին, որսի համար լավ պատրաստված:

«Ի տարբերություն բոլոր հայտնի տիրանոզավրերի, մեգառապտորները հետապնդմանը ավելի լավ էին պատրաստված: Այսինքն՝ դրանք ավելի բարեկազմ էին, բայց միաժամանակ ավելի մկանուտ, իսկ դրանց երկար պոչը թույլ էր տալիս հավասարակշռությունն ավելի լավ պահպանել: Հավելած՝ դրանք ունեին ավելի երկար վերջույթներ, որոնց շնորհիվ զարգացնում էին տպավորիչ արագություն»,- նշել է Արանսյագին՝ հավելելով, որ գիտնականները դեռեւս պետք է ինչպես հարկն է պարզեն հնագույն դինոզավրի կմախքի կառուցվածքը, բայց արդեն հիմա էլ պարզ է, որ խոսքը մսակեր մողեսի մասին է, որը որսի ժամանակ անչափ հաջողակ էր: