Նոր կորոնավիրուսը, հավանաբար, առաջացել է չղջիկներից, որոնք գտնվել են Ասիայում։ Այս մասին ասվում է Հոնկոնգի համալսարանի նոր հետազոտության մեջ, հայտնում է South Morning China Post-ը։
Համալսարանի մանրէաբանության բաժինը ստեղծել է մի խումբ բջիջներ, որոնք նման են չինական պայտանման չղջիկների աղիներին։ Չղջիկների այս տեսակը հայտնաբերվել է Չինաստանում, Հնդկաստանում, Նեպալում եւ Վիետնամում: Հետազոտողները կարողացել են հաջողությամբ բջջային կառուցվածքը վարակել Sars-CoV-2 կորոնավիրուսով։
Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չղջիկների մոտ կա վիրուս, որը նման է սուր շնչառական համախտանիշ առաջացնող Sars վիրուսին, սա էլ իր հերթին նման է նոր կորոնավիրուսին: Այս արդյունքները նշանակում են, որ «չինական պայտանման չղջիկն իսկապես կարող է լինել SARS-CoV-2-ի սկզբնաղբյուրը», կարծում է մանրէաբան Յուեն Քվոկ-Յունգը, ով հետազոտությունների ղեկավարներից մեկն է:
Նրա խոսքերով՝ վիրուսի ծագումը հաստատելու համար անհրաժեշտ է իրականացնել հետագա հետազոտություններ վայրի բնության մեջ:




























