Ուրբաթ Եվրոպական կայունացման մեխանիզմի (ESM, ԵՄ կայունացման ֆոնդ) կառավարման խորհուրդը հաստատել է Եվրամիության անդամ պետությունների համար արտոնյալ վարկավորման ծրագիրը 240 մլրդ եվրոյի չափով: Այդ մասին ասվում է ուրբաթ ESM-ի տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ այդ ծրագիրը հաստատել է Եվրահանձնաժողովը (ապրիլի 16-ին), ԵՄ գագաթնաժողովը (ապրիլի 23-ին), Եվրախումբը (մայիսի 8-ին), իսկ ծրագրի մեկնարկը նախատեսված է հունիսի 1-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ESM կառավարիչների խորհուրդը հաստատել է է համավարակի դեմ պայքարի ճգնաժամային աջակցության Հիմնադրամի ստեղծումը, որը հասանելի կլինի բոլոր անդամ երկրներին: Այդ մեխանիզմի գործունեության հիմնական պարամետրերն ու ժամկետները համաձայնեցվել են Եվրախմբի հետ 2020 թվականի մայիսի 8-ին,-ասվում է հայտարարության մեջ:-Հաջորդող 2.5 տարիների ընթացքում ESM-ը կհատկացնի 240 մլրդ եվրո իր անդամ երկրներին համավարակի դեմ պայքարի համար»:
Համաձայն Եվրախմբի որոշման՝ այդ ծրագրի ֆինանսավորման միջոցները ESM-ը կներդնի որպես վարկեր մինչեւ 10 տարի մարման ժամկետով: Օգնության առավելագույն չափը, որը ԵՄ յուրաքանչյուր երկիր կարող է ստանալ, չպետք է գերազանցի 2019 թվականի նրա ՀՆԱ-ի 2 տոկոսը: Այդ միջոցները պետք է օգտագործվեն առողջապահության համակարգերը ֆինանսավորելու կարիքները բավարարելու եւ համավարակի դեմ պայքարում մյուս միջոցառումներն իրականացնելու համար:
240 եվրո ծավալով ESM-ի այդ փաթեթն առանցքային է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ԵՄ մեծ ծրագրի երեք բաղադրիչների շարքում, որի ընդհանուր ծավալը կազմում է 540 եվրո եւ հաստատվել է ապրիլի 23-ին: Ծրագրի երկրորդ բաղադրիչը կազմում է 100 մլրդ եվրո այն գործատուներին նպատակային փոխհատուցում հատկացնելու համար, որոնք աշխատանքից չեն ազատել իրենց աշխատակիցներին: Երրորդ բաղադրիչը 200 մլրդ եվրոյի չափով արտոնյալ վարկավորման ծրագիրն է փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու համար Եվրոպական ներդրումային բանկից:
Համաձայն մայիսի 6-ին հրապարակված Եվրահանձնաժողովի գարնանային տնտեսական ճգնաժամի կանխատեսման՝ ԵՄ երկրները 2020 թվականին կունենան ՀՆԱ-ի 7.7 տոկոսով ռեկորդային անկում:




























