Երեւանի եւ Ավստրիայի քաղաքների միջեւ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում: Այս մասին այսօր` մայիսի 3-ին նշվել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Հայաստանում Ավստրիայի հանրապետության դեսպան Միխայել Փոսթլի հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանն իր խոսքում նշել է. «Հուսով եմ, որ հանձինս Ձեզ մենք կարող ենք կամուրջ ստեղծել ավստրիական քաղաքային իշխանությունների եւ ավստրիական բիզնեսի հետ»:
Նա ընդգծել է փետրվարին Երեւանի եւ ավստրիական «Սվարկո ԷՅՋԻ» ընկերության հետ կնքված պայմանագիրը, որը նպաստելու է Երեւան քաղաքում ժամականակից, ապահով ու մատչելի ճանապարհային երթեւեկության կարգավորմանն եւ անվտանգության համակարգի ներդրմանը:
Կարեն Կարապետյանը անդրադարձել է առողջապահության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերին` ակնկալելով ավստրիական ընկերությունների փորձն այս ոլորտում:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ Երեւանի եւ Վիեննայի քաղաքապետարանների պատվիրակությունների ծրագրված փոխայցերը գործնական հնարավորություն կստեղծեն փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող նպատակային ծրագրերի իրականացման համար:





























