Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում Նովոսելիցա գյուղի մոտակայքում ազգային գվարդիայի զինվորների զանգվածային սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է Dialog.UА-ն՝ հղում անելով ոստիկանությանը:

Կասկածյալ Անատոլի Զախարենկոյի ցուցմունքի համաձայն՝ միջադեպի բոլոր մասնակիցները ծանոթներ են եղել: Զախարենկոն պատմել է, որ գիշերը սպիրտային խմիչք օգտագործելուց հետո ինքը մնացել է հյուրերից երկուսի հետ, մյուսները գնացել են քնելու: Մնացածներից մեկը նրան նախատել է նրա համար, որ նա իրավապահներին է հանձնել «լավ տղայի», ում նրանք եւս լավ են ճանաչել:

Վիճաբանության արդյունքում հյուրերից մեկը դանակը վերցրել է եւ հարձակում գործել: Իր հերթին, Զախարենկոն վերցրել է հրացանը եւ սպանել հյուրերից մեկին:   

Կրակոցներից արթնացել են մյուս հյուրերը, որոնք եւս զենք են վերցրել: Սակայն նրանց վրա եւս Զախարենկոն կրակել է:

Մեկ տղամարդ է ողջ մնացել: Նա Զախարենկոյին խնդրել է բաց թողնել իրեն՝ ասելով, որ «ոչինչ չի տեսել եւ չի լսել»:

Կասկածյալն ինքն է ոստիկանություն զանգել եւ խոստովանել:

Դեպքից մեկ օր առաջ ձերբակալվել էր ոստիկանության տեղական բաժանմունքի պետ Ռուսլան Մշանեցկին: Այդ մասին հայտնել էր Զախարենկոն՝ նշելով, որ տեղի ոստիկանները փորձել են «հովանավորել» նրա ձկնորսական բիզնեսը: