Ալավերդիում այսօր` մայիսի 4-ին կբացվի վերանորոգված բժշկական կլինիկա, ֆինանսավորված ԱՄՆ կառավարության կողմից: Կլինիկան, որի վերանորոգման  գինը 75,000 ԱՄՆ դոլար է, Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության ամենամեծ վերանորոգման ծրագիրն է Հայաստանում:  

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոր սարքավորումներով հագեցած բժշկական կլինիկան կծառայի Լոռու եւ Տավուշի բնակիչներին: Հունական Բժշկական Ֆոնդի (Greek Medical Fund) Hippocrates-Armenia կազմակերպությունը, որը 2001 թ.-ից սկսած հովանավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, կղեկավարի կլինիկան:  

Հունական Բժշկական Ֆոնդը սոցիալապես խոցելի խմբերին եւ պակաս ռեսուրսավորված հաստատություններին տրամադրում է անվճար բժշկական ծառայություններ եւ տարածում դեղագործական եւ բժշկական պարագաներ: Ֆոնդը նաեւ իրականացնում է շարժական այցելություններ հեռավոր գյուղեր: Նոր վերանորոգված կլինիկան կծառայի ի նպաստ տարածաշրջանի բոլոր բնակիչների եւ կտրամադրի բարձրորակ բժշկական խնամք: