ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տնտեսական աճը 2020 թվականին 0.7 տոկոս կկազմի, ընդ որում, գերակշռում են այդ ցուցանիշների նցազման ռիսկերը: Համապատասխան կանխատեսումները ներկայացված են «ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության 2019 թվականի զեկույցում»:
Ըստ զեկույցի՝ 2019 թվականին մակրոռիսկերի մակարդակի համեմատական նվազում էր գրանցվել, ինչը կապված է բարձր տնտեսական աճի հետ: Միեւնույն ժամանակ, մակրոռիսկերի վրա բացասական ազդեցություն են ունեցել պետական պարտքի բարձր մակարդակը եւ արտերկրից փոխանցումների նվազումը: Շուկայական ռիսկերը հիմնականում կապված էին անշարժ գույքի շուկայում գների բարձրացման եւ հիփոթեքային վարկավորման ցուցանիշների բարձր աճի հետ:
Տնային տնտեսությունների պարտքի ցուցանիշը հարեւան երկրների համեմատ արագորեն աճում է, եւ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ չաշխատող վարկերի մասնաբաժինը 5.9 տոկոս է կազմել:
Սպառողական վարկավորման ցուցանիշների աճը 2019 թվականին 30.4 տոկոս է կազմել, հիփոթեքային վարկավորմանը՝ 37.1 տոկոս: Անշարժ գույքի գների աճ է գրանցվել, մասնավորապես, Երեւանում բնակարանների գներն աճել են ավելի քան 15 տոկոսով, վաճառքի գործարքների աճը 21.6 տոկոս է կազմել:
Աճում է դրամով տրամադրվող վարկերի մասնաբաժինը, ինչպես նաեւ առեւտրային բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելների ծավալը (աճը՝ 16,7 տոկոս):
Համաշխարհային տնտեսության բացասական ազդեցությունը երկրի վրա մեղմվել է Հայաստանի բարձր տնտեսական աճով, ինչը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկի բարձր մակարդակով, որն ուղեկցվել է վարկավորման ցուցանիշների աճով:
Արտահանման աճը 2019 թվականին 12.2 տոկոս է կազմել, ներմուծումը՝ 9 տոկոս: ԱՊՀ երկրներ արտահանման մասնաբաժինը 30.3 տոկոս է կազմել, ԵՄ՝ 22.1 տոկոս, Չինաստան՝ 7.4 տոկոս:




























