Ամերիկյան eBay ընկերության արդեն նախկին 6 աշխատակիցներ վախեցրել են Բոստոնի (Մասաչուսեթս նահանգ) բնակիչներին, որոնք վարել են լրատվական բլոգ եւ երբեմն քննադատել այդ համացանցային հարթակը՝ նրանց ուղարկելով սարդերով, ուտիճներով, ճանճերի թրթուրներով եւ խոզերի արյունոտ դիմակներով ծանրոցներ, հայտնում է CNN-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ eBay-ի նախկին աշխատակիցները Craiglist հայտարարությունների կայքում հրապարակել են զույգի հասցեն՝ բոլոր ցանկացողներին հրավիրելով նրանց դուռը թակել «օրվա եւ գիշերվա ցանկացած ժամին»: Դրանից բացի, բլոգերներին հետեւել են, իսկ աշխատակիցներից մեկը փորձել է ներթափանցել նրանց ավտոտնակ՝ տեղաշարժումը վերահսկլու համար ավտոմեքենայի վրա GPS նշանացույց տեղադրելու համար:

Նշվում է, որ վեցին էլ «վիրտուալ տարածքում ոտնձգության» մեղադրանք է առաջադրվել: «Մենք երբեք համանման բանի չենք առնչվել»,- հայտարարել է Մասաչուսեթսի դատախազ Էնդրյու Լոլինգը:

Երկուշաբթի ընկերությունը միջադեպի կապակցությամբ հանդես էր եկել հայտարարությամբ: «eBay-ը չի հանդուրժի նման վարքագիծը: Մենք տուժողներից ներողություն ենք խնդրում եւ ափսոսում, որ հայտնվել ենք այդ պատմության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

eBa-ը ամերիկյան ընկերություն է, որը մասնագիտացած է համացանցային աճուրդի եւ համացանցային մանրածախ առեւտրի ոլորտում ծառայությունների մատուցմամբ: Այն 1995 թվականին հիմնադրել է բիզնեսմեն Պիեռ Օմիդյարը, կենտրոնակայանը գտնվում է Սան Խոսեում (Կալիֆոռնիա նահանգ):