Հունիսի 16-ին Հունգարիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել Վիկտոր Օրբանի կառավարությանը վերապահված լիազորությունները` կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակի գործողության ժամանակ: Հանդիպմանը ներկա բոլոր պատգամավորները քվեարկել են չեղյալ հայտարարելու օգտին, հայտնում է DW-ն:
Ընդլայնված լիազորությունները կդադարեն գործել այն ժամանակ, երբ Հունգարիայի կառավարությունը չեղարկի մարտի կեսին մտցված արտակարգ իրավիճակի ռեժիմը: Ավելի վաղ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ ռեժիմը մինչեւ հունիսի 20-ը կհանվի:
Կառավարության լիազորությունների ընդլայնման մասին օրինագիծը Հունգարիայի խորհրդարանը հաստատել է մարտի 30-ին: Մասնավորապես, փաստաթուղթը թույլ է տալիս կիրառել «բացառիկ միջոցներ»՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ նախատեսում է պատիժների խստացում՝ կարանտինային միջոցառումների խախտման եւ կեղծ տեղեկատվության տարածման համար:
Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ իրավապաշտպանները քննադատել են օրինագիծը, իսկ հունգարական ընդդիմությունը պահանջում էր կառավարության ընդլայնված լիազորությունների համար ժամկետ սահմանել:





























