Բրիտանացի արքայազն Չարլզը, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուսային ինֆեկցիա էին ախտորոշել, հայտարարել է, որ հիվանդությունից հետո իր մոտ հոտառությունն ու համի զգացողությունն ամբողջությամբ չեն վերականգնվել, հայտնում է Independent-ը:
Արքայազն Չարլզը կնոջ՝ Կամիլայի հետ երեկ այցելել է Գլոսթերի հիվանդանոց եւ բուժհաստատության աշխատակիցների հետ քննարկել կորոնավիրուսի համավարակի ֆոնին նրանց աշխատանքը: Հանդիպմանը ներկա հիվանդանոցի աշխատակիցներից մեկը՝ Ջեֆ Միլսը, նշել է, որ Չարլզի հետ զրույցում հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարում իր անձնական փորձի մասին:
«Նա նաեւ հայտնեց հոտառության եւ համի զգացողության ու այն մասին, որ ինքը, կարծես, նախկինի պես զգում է, որ դրանք (այդ զգացողությունների կորուստը – խմբ.) պահպանվել են»,- ասել է Միլսը:
Մարտի 25-ին արքայազն Չարլզը կորոնավիրուսի ախտորոշման թեստ էր հանձնել, եւ այն դրական էր եղել: Արքայազնն անցել էր ինքնամեկուսացման ռեժիմի, նրա մոտ առկա էին հիվանդության թույլ ախտանշաններ: Նրա կնոջ՝ Կամիլայի անալիզը չէր հաստատել COVID-19-ով վարակում: Մարտի վերջին 71-ամյա բրիտանացի արքայազնը ինքնամեկուսացումից դուրս էր եկել: Արքայազնի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Չարլզի վիճակը լավ է, եւ նա «հետեւում է կառավարության հանձնարարականներին»:





























