ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները միջոցառումների համակարգված փաթեթ են համաձայնեցրել՝ «ի պատասխան Ռուսաստանի լայնածավալ եւ աճող միջուկային մարտագլխիկներով զինանոցի»։ Այս մասին Twitter-ում գրել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Մենք հայելային չենք պատասխանի Ռուսաստանին եւ չենք ուզում սպառազինությունների նոր մրցավազք, սակայն մենք կպահպանենք ուժեղ զսպումը եւ պաշտպանությունը»,- նշել է նա։
Ելույթ ունենալով պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամները, մասնավորապես, որոշել են ուժեղացնել իրենց ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերը: «Շատ դաշնակիցներ հայտնել են, որ գնում են հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր, այդ թվում՝ Patriot-ներ: Դաշնակիցները նաեւ ներդրումներ են կատարում հինգերորդ սերնդի կործանիչների մեջ»,- ասել է Սթոլթենբերգը, հայտնում է РБК-ն:
Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ Ռուսաստանի վարքագիծը ապակայունացնող է, ՆԱՏՕ-ն դրա մեջ տեսնում է «անպատասխանատու վարքի երկարատեւ օրինաչափության շարունակություն, որն ուղղված է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ահաբեկելուն»: Միաժամանակ, ասել է Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ի անդամները մտադիր չեն Եվրոպայում տեղակայել նոր ցամաքային միջուկային հրթիռներ:
Գլխավոր քարտուղարը նաեւ վստահեցրել է, որ ԱՄՆ-ը չի նվազեցնում իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, չնայած ԱՄՆ զինված ուժերի տեղափոխումներ հնարավոր են տարբեր երկրներում: «Դաշնակիցները վերանայեցին ԱՄՆ հայտարարությունը՝ կապված Գերմանիայում ռազմական ներկայության կրճատման հետ: Մենք լավ քննարկում ունեցանք: ԱՄՆ պաշտպանության նախարար Մար Էսպերը վճռականորեն հայտարարեց, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Եվրոպայում անվտանգության ապահովմանը»,- հավելել է Սթոլթենբերգը։





























