Ազգային ժողովը հունիսի 16–ին փակ գաղտնի քվեարկություններով 87 կողմ ձայներով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունների վերաբերյալ։

Ծառուկյանին անձեռնմխելիությունից  զրկելու որոշմանը կողմ էր քվեարկել նաեւ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը երկար տարիներ հանդիսացել է ԲՀԿ-ի Սյունիքի երիտթեւի ղեկավար, իսկ նրա հայրը՝ Հովհաննես Համբարձումյանը, եղել է ԲՀԿ-ի Սիսիանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ։

NEWS.am-ի թղթակիցը` հիշեցնելով Համբարձումյանին իր եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի մտերմության մասին, հարցրեց` դժվար չէ՞ր արդյոք քվեարկել Ծառուկյանին ազատազրկելու օգտին և արդյոք հանգիստ խղճով է դա արել։

«Խիղճը թողնենք մի կողմ: Առջեւում մեր երեխաների ապագան է: եթե առաջնորդվենք մեր խղճով կամ ծանոթ-բարեկամ սկզբունքով, մեր սերունդները չեմ կարծում, որ իրավական երկրում կարող են մեծանալ: Ամբողջ խնդրիը դրանում է: Ինձ համար հաճելի չէ, բայց եթե կա օրենքի խախտում, եկեք բոլորս հավասար լինենք ու չշրջանցենք այդ ամենը: Մտերմությունը ոչ մի կապ չունի, նույնիսկ եթե եղբայրս, կամ հայրս կլինի, եթե կա հանցագործություն, իրավական խնդիր, պետք է բոլորս օրենքի առաջ հավասար լինենք:

«Իմ քայլը» միշտ միասնական է եղել, ոչ մի ընտրություն, նաեւ այս ընտրությունը չպետք է տարբերվեր: Եթե գլխավոր դատախազը հիմնավորում է ամբողջությամբ, եթե կա որոշում, ինչու՞ պետք է չկատարենք»:

Համբարձումյանն ասաց`  մարդիկ շատ սխալ են անում, երբ այս ամենը դիտարկում են բարոյականության տեսանկյունից. «Բարոյականության դաշտ չի կարելի բերել: Եթե բարոյական առումով նայենք, չենք  կարող երբեւէ ունենալ օրենքով երկիր, չենք կարող ունենալ մեր երազած երկիրը»:

Հարցին`  այն ժամանակ, երբ ԲՀԿ–ում էր, չգիտե՞ր, որ ընտրությունները կեղծվում էին, քրեական գործեր կարող են հարուցվել, ասաց. «Ամենայն ազնվությամբ, ես երբեք ոչ մի թուղթ չեմ լրացրել, նման գործողությունների մեջ չեմ եղել: Ինքս դեմ եմ եղել նախկին իշխանություններին, պայքարել եմ նախկին իշխանությունների դեմ: Անձերի հետ կապված խնդիր չունեմ: Եկել  է մի պահ, երբ իմ եւ ԲՀԿ-ի դիրքորոշումները չեն համընկել եւ հրապարակավ հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Երկու ամիս անց ստացել եմ առաջարկ «Իմ քայլը» դաշինքից, սիրով ընդունել եմ»:

 Անդրադառնալով` այն հիշատակմանը, որ ժամանակին եղել է ԲՀԿ-ի Սյունիքի երիտթեւի ղեկավար, պատգամավորն ասաց. «Մենք երիտասարդներ էինք, որոնք ընդդիմանում էին իշխանություններին: Չգիտեմ` որքանով եք տեղյակ, թե ինչպիսի բարքեր էին տիրում այն ժամանակ Սյունիքում, այդ ամենը ինձ համար անընդունելի էր»:

Համբարձումյանը հերքեց այն տեղեկությունը, թե իրենց եւ Ծառուկյանի միջեւ որեւէ տեսակի հարաբերություն կա. «Իմ հայրը անկուսակցական է, Ծառուկյանի կուսակցության հետ կապ չունի: Եթե մասնակցություն է ունեցել, ապա այն բանի համար, որ իր տղան ներգրավված է եղել հանուն Հայաստանի Հանարպետության ապագայի: Զուտ այս առումով: Մնացած առումներով կապ չի եղել»: