Սեւանից սիգի ձկնորսությունը թույլ տալու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը Խիստ բացասական եմ գնահատում, եւ այդպիսի կարծիք էլի է հնչել, երբ որոշման նախագիծը նոր էր շրջանառության մեջ դրվել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԷկոԼուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:

Ըստ նրա՝ ձկնորսության արգելքը ժամանակին թույլ տվեց մասամբ վերականգնել սիգի պաշարները, որոնք կրճատվել էին 1990-ականներին, չնայած դրանք հիմա էլ հեռու են ցանկալիից, եւ կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է լինելու ձկնորսության թույլտվությունից հետո:

«Ընդհանուր առմամբ, վերահսկողությունը շատ թույլ է, եւ երկու տարվա ընթացքում իրավիճակը միայն վատացել է: Բնության եւ ընդերքի պահպանման տեսչական մարմնի՝ նախարարությունից անջատվելուց հետո ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկվել վերահսկողության գործառույթների ամրապնդման ուղղությամբ, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը փորձեց պայքար սկսել ապօրինի ձկնորսության դեմ, բայց նրան հետո հեռացրեցին», - ասաց նա:

Բնապահպանը մտահոգություն հայտնեց, որ որսում են նույնիսկ մայր ձկներին, եւ ոչինչ չի արվում այս ապօրինի գործողությունները կանխելու համար: «Եթե նշվում է, որ խնդիրը կապված է բնապահպանական խնդիրների հետ, ապա ձկնորսությունը պետք է սահմանափակել, այլ ոչ թե թույլատրել: Այս դեպքում խնդիրը կայանում է միայն Շրջակա միջավայրի նախարարությանը ու Տեսչական մարմնին պատասխանատվությունից զրկելու մեջ: Մենք վերադառնում ենք 1990-ականների իրավիճակին»,- եզրափակեց Ինգա Զարաֆյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հունիսի 18-ին առաջին անգամ 2004 թվականից ի վեր առաջին անգամ որոշում է կայացրել, որով թույլ է տալիս սիգի որսը Սևանա լճում: