Կոսովոյի խնդրի ցանկացած վերջնական լուծում կպահանջի Ռուսաստանի Դաշնության հաստատումը: Այս մասին Բելգրադում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կոսովոյի խնդրի ցանկացած վերջնական լուծում կպահանջի Ռուսաստանի Դաշնության հաստատումը՝ ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով, այնպես էլ այն գործընկերոջ տեսակետից, որը միշտ աջակցել է Սերբիային»,- ասել է նա:

Վուչիչը հայտնել է, որ երեք-չորս օրից նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք կքննարկենք գնահատականներն ու կարծիքները միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, եւ այն, թե ինչպես Սերբիան կարող է լավագույնս պաշտպանել իր շահերը: Հանդիպումներ են սպասվում եվրոպական ներկայացուցիչների հետ, ինչից հետո մեր կառավարության ներկայացուցիչը կմեկնի Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու նպատակով»,- ասել է Վուչիչը:

Երկուշաբթի Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելը հայտարարել էր չճանաչված Կոսովոյի հարցը քննարկելու նպատակով Բելգրադի եւ Պրիշտինայի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին, որը տեղի է ունենալու հունիսի 27-ին Վաշինգտոնում:

Պատասխանելով հարցին՝ արդյոք Սերբիան կճանաչի Կոսովոյի անկախությունը՝  ձեռնտու ֆինանսական առաջարկի եւ ԵՄ-ին անդամակցության դիմաց, Վուչիչն ասել է. «Պարզ է, թե որն է լինելու մեր պատասխանը: Եթե ​​ուղիղ պատասխան եք ուզում, պատասխանը ոչ է»: «Մեզ չափազանց ծանր ժամանակաշրջան է սպասվում Կոսովոյի հարցով: Մեր ռուս ընկերների պլանների եւ գնահատականների կապակցությամբ մենք պետք է շատ զգույշ լինենք յուրաքանչյուր գաղափարի նկատմամբ, որ մեզ կառաջարկվի»,- շեշտել է Սերբիայի նախագահը:

Ըստ AP-ի՝ Վուչիչը հայտարարել է, որ կմերժի երկրի անդամակցությունը Եվրամիությանը, եթե Բելգրադը զիջումներ չստանա Կոսովոյի ճանաչման դիմաց: