Պեկինի «Սինֆադի» մեծածախ շուկայում գտնված կորոնավիրուսի նմուշների գենոմի անալիզը ցույց է տվել, որ այն ավելի հին է ներկայումս Եվրոպայում տարածված շտամներից: Այս մասին հայտարարել է չինացի համաճարակաբան Լյու Ցզյունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Առաջին հերթին կատարվում է վիրուսի գենոմի սեքվենիրացում, որից հետո կիրառվում են բիոինֆորմատիկայի վերլուծական մեթոդներ: Վերցնում են 2 առանձին վիրուս եւ նայում, թե դրանցից որում է ավելի շատ մուտացիա կատարվել: Սովորական իրավիճակում այն, որի մոտ մուտացիաներն ավելի շատ են, համարվում է ավելի նոր վիրուս: Իսկ ահա այն, որի մոտ քիչ են, հակառակը՝ ավելի հին, առաջնային վիրուս է: Դրա շրջանառության ժամանակը ավելի վաղ է եղել, համապատասխանաբ՝ տարիքն ավելի մեծ է: Իհարկե, եթե այս մասին պարզեցված ենք ասում: Դրանից բացի, կան նաեւ որոշակի ալգորիթմներով մաթեմատիկական մոդելների գնահատականները»,- նշված է Չինաստանի պետական հսկիչ կոմիտեի կայքում ուրբաթ հրապարակված հոդվածում:
«Առաջնային գենոմային հետազոտության արդյունքների համաձայն՝ այս վիրուսը [Պեկինի շուկայում գտնված] Եվրոպայից է եկել, սակայն եվոպական երկրներում շրջանառվող շտամներից որոշակի տարբերություններ ունի: Այն ավելի հին է ժամանակակից եվրոպական շտամներից»,- ասել է նա:
Հետազոտողը նշել է, որ բավականին դժվար է հետեւել պեկինյան շուկա այս վիրուսի հայտնվելու ստույգ ճանապարհին: «Դրա համար բազմաթիվ հնարավորություններ կան: Օրինակ՝ վիրուսը կարող էր թաքնված լինել սառեցված մթերքների խմբաքանակում եւ դրանց հետ միասին բերվել արտասահմանից ու պահպանվել: Տեղափոխելիս սառեցված վիճակում լինելով վրուսը չէր կարող էվոլյուցիայի ենթարկվել, ուստի դրա մեջ մուտացիաներ չեն կատարվել»,- նշել է Լյու Ցզյունը:
Չինաստանում համաճարակի սկզբնական փուլում Լյու Ցզյունը ղեկավարել է Հուբեյ նահանգում կորոնավիրուսն ուսումնասիրող գիտնականների խմբին եւ մոտ 20 անգամ այցելել է Ուհանի ծովամթերքի շուկա, որտեղից Չինաստանում բռնկումը սկսվել էր: Ներկայումս նա եւ նրա խումբն ուսումնասիրում են պեկինյան կորոնավիրուսը. Լյու Ցզյունը արդեն 3 անգան գնացել է «Սինֆադի» մեծածախ շուկա նմուշներ հավաքելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանի Զանգվածային հիվանդությունների տարածման վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել է «Սինֆադի» շուկայից կորոնավիրուսի շտամի գենոմի հաջորդականությունը: Նշվում է, որ հինգշաբթի երեկոյան համապատասխան տվյալները ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Չինացի համաճարակաբաններն ավելի վաղ պնդում էին, որ վիրուսի այս շտամի գենոմի նախնական անալիզը վկայում է, որ այն կարող էր Չինաստան բերվել եվրոպական երկրներից: Մասնագետները միաժամանակ կարծում են, որ այն ավելի ախտահարույց է, քան ուհանյան շտամը:
Չինացի մասնագետներն ուսումնասիրել են պեկինյան «Սինֆադի» շուկայից փորձանմուշները եւ կորոնավիրուսի նմուշներով վարակված առավել մեծ քանակությամբ ապրանքներ հայտնաբերել ծովամթերքի, տավարի եւ ոչխարի մսի թվում: Հիվանդության ախտանիշներն ամենից վաղ հայտնվել են ծովամթերքի վաճառքի հատվածում աշխատողների եւ այն հաճախած գնորդների մոտ: Համաճարակաբանների կարծիքով, ցածր ջերմաստիճանը եւ բարձր խոնավությունը նպաստում են մակերեւույթներին կորոնավիրուսի երկարատեւ կենսունակությանը: Հետազոտողները սրանով են նաեւ բացատրում Ուհանում եւ Պեկինում համաճարակի բռնկումների նման սցենարը. երկու դեպքում էլ վարակավածների մեծ մասը այցելել է ծովամթերքի շուկաներ կամ շփվել այնտեղ եղած մարդկանց հետ:





























