Թուրքիայի Կարս քաղաքի Մարդկության հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները չեն դադարում նույնիսկ անձրեւային եղանակներին: Քանդման աշխատանքները իրականացնող Աֆշին ընկերության ներկայացուցիչներն այս հանգամանքը բացատրում են նրանով, որ իրենք ամեն եղանակի էլ աշխատում են, որպեսզի հասցնեն ժամկետի մեջ իրականացնել ապամոնտաժումը՝ միաժամանակ աշխատելով ապամոտնաժվող հատվածները անվնաս հասցնել քաղաքապետարանի պահեստ:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Կարսից, Մարդկության հուշարձանի ապամոնտաժման աշխատանքների պատասխանատու Ռեիս Քարաքոչը, ով 2009-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կարսի քաղաքապետի թեկնածու էր՝ իսլամիստ-ազգայանական դիրքորոշմամբ հայտնի «Բարգավաճում» կուսակցությունից, որի մի թեւն առանձնացել եւ ստեղծել է նոր՝ «Ժողովրդի ձայն» կուսակցությունը: Ռեիս Քարաքոչը այս նոր կուսակցության Կարսի նահանգային կառույցի ղեկավարն է:

Այն հարցին, թե ի՞նչ զգացմունքներով են քանդում Մարդկության հուշարձանը, Ռեիս Քարաքոչը նշել է. «Ոգեւորությամբ չեմ քանդում: Ուղղակի մեր ընկերությունն է շահել այս հուշարձանի ապամոտնաժման աշխատանքների իրականացման իրավունքը: Մենք մեր աշխատանքն ենք կատարում: Ես չեի ուզենա, որ այն քանդվեր, սակայն չէի էլ ուզում, որ այն կառուցվեր»,-ասել է Քարաքոչը՝  NEWS.am-ի թղթակցին ցույց տալով հուշարձանի ներքեւի հատվածում գտնվող խարխուլ տները, որոնց տանիքներն ամբողջովին պոլիեթիլենով էին ծածկված, որպեսզի անձրեւների ժամանակ տանիքը չկաթա:

«Մենք 21-րդ դարում ենք ապրում, սակայն տեսնում եք, թե մարդիկ ինչպիսի պայմաններում են ապրում:  Ինչպես կարելի է հանդուրժել այն, որ անմարդկային պայմաններում ապրող մարդկանց հարեւանությամբ թանկարժեք հուշարձան է կառուցվում՝ կոչվելով Մարդկության հուշարձան»,-շեշտել է շինընկերության պատասխանատուն:

NEWS.am-ի թղթակիցը փորձել է ճշտել, թե արձանի քանդուման հետեւանքով որքանով կբարելավեն այդ անմարդկային պայմաններում ապրող մարդկանց պայմանները, քանի որ նույն հուշարձանի քանդման համար 200 հազար դոլար է ծախսվելու, ավելի լավ չէ՞ր լինի տրամադրել այն այդ մարդկանց, սակայն այս հարցի պատասխանը նույնն է.  «Մենք մեր գործն ենք անում»:

Որքանով, որ հաջողվեց պարզել՝ Կարսի բնակչության մեծ մասը դեմ է հուշարձանի քանդմանը: Արձանի քանդմանը կողմ հանդես եկողների պատասխանն է. «Հուշարձանը տգեղ է եւ հրեշավոր, այն Կարսին չի սազում»: «Խաղաղությունը խորհրդանշող արձանը չի կարելի քանդել, այն հանցագործություն է»,-նշել է հուշարձանի հարեւանությամբ գտնվող թաղամասում ապրող 48-ամյա Մեհմեդը՝ շեշտելով, որ իրենք բողոքի ակցիա են արել, սակայն ոստիկանությունը ստիպել է հրաժարվել  նմանատիպ քայլերից:

«Հիմա շատ են այդ արձանը տեսնել ցանկացող օտարեկրացիներն ու Թուրքիայի այլ վայրերից Կարս ժամանող հյուրերը: Վերջին մի քանի ամսում իմ տաքսուց օգտված գրեթե բոլոր արտասահմանցիները պատվիրել են իրենց տանել հուշարձանի մոտ: երանի այն չքանդեին»,-ասել է Աբդուլլահը, ով երկար ժամանակ է, ինչ տաքսի է վարում Կարսում:

Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման օգտին եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվել էր Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել` քանդել այն։ Այդ հրահանգին անմիջապես արձագանքել է Կարսի քաղաքապետարանը, որի խորհրդի մասնակիցները ընդունեցին որոշում՝ ապամոնտաժել հուշարձանը: Հուշարձանի ճարտարապետ Մեհմեդ Աքսոյը դիմել է դատարան՝ վիճարկելու քաղաքապետարանի որոշումը, սակայն դեռ այն արդյունք չի տվել:

Նաիֆ Ալիբեյօղլուն մի առիթով հայտարարել է, թե  հուշարձանի քանդումը կապված է մի խնդրանքի հետ։ «Այդ խնդրանքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքն է։ Մենք էլ Ադրբեջանից նավթի, գազի կախվածություն ունենք։ Քանդման միակ պատճառը սա է»,-նշել է Ալիբեյօղլուն։

Հուշարձանից արդեն 5 կտոր ապամոտնաժված է, որոնց ընդհանուր քաշը մոտ 120 տոննա է: Ապամոնտաժուման աշխատանքները սկսվել են ապրիլի 23-ին: