ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի վերաբերյալ նոր մեղադրական եզրակացություն կայացնելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դաշնային մեծ ժյուրին չորեքշաբթի WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի վերաբերյալ նոր մեղադրական եզրակացություն է կայացրել, որում պարունակվում են ԱՄՆ պատմության մեջ գաղտնի տեղեկությունների ամենախոշոր գողություններից մեկի մեջ Ասանժի ենթադրյալ դերակատարմանն առնչվող մեղադրանքներ»,- նշված է ամերիկյան գերատսչության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
«Նոր մեղադրական եզրակացությունը չի պարունակում լրացուցիչ մեղադրանքներ 18 կետից բաղկացած նախորդ մեղադրական եզրակացությանը, որն Ասանժին առաջադրվել էր 2019 թվականի մայիսին: Սակայն այն [նոր մեղադրանքը] ընդլայնում է դավադրության մասշտաբը, որ գոյություն է ունեցել համակարգիչների ենթադրյալ կոտրումների շուրջ, որոնց մեջ Ասանժը նախկինում մեղադրվել է»,- նշված է տեքստում: Խոսքը, մասնավորապես, Anonymous հաքերային խմբի հետ Ասանժի կապերի մասին է:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը ավստրալացուն առաջադրել է 18 քրեական մեղադրանք: Նրան, մասնավորապես, մեղադրում են հանցագործությունների մեջ, որոնք կապված են ԱՄՆ պատմության մեջ գաղտնի տեղեկությունների խոշորագույն բացահայտման հետ: Առաջադրված բոլոր մեղադրանքներով Ասանժին հանրագումարում սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն:




























