2019 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ իր ելույթի մեծ մասը խոսեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «բայղուշություն անողներին»։
«Ուզում եմ ելույթս սկսել ափսոսանքով, որովհետեւ ԲՀԿ-ն բացակայում է: Կատարողականը կարեւոր է նաեւ այն առումով, որ վերջին օրերի քննարկումները միտված էին կառավարության թվացյալ անհաջողություններին, եւ արդյունքում գալիս էին եզրահանգումների, թե կառավարության 97-100%-ը պետք է փոխվի։ Այս քննարկումների արդյունքում ես օրվա մեջ մի քանի անգամ իրավասու անձանց հետ քննարկում էի` սով լինելու է, թե՞ չէ»,- ասաց նա։
Քոչարյանն ասաց, որ ժամանակին ազդեցիկ փորձագետներն այսօր իրենց ելույթներով վտանգել են մեր երկրի անվտանգությունը. «Հասանք այն աստիճանի, որ հակառակորդներին հուշեցինք, որ կարող ենք հարձակումներ սկսել: Ուզում եմ մեր այս ընկերներին հիշեցնել` դուք, ըստ էության, պատերազմ եք հայտարարում մեր սեփական ժողովրդին, բայց այդ պատերազմում արդեն պարտվել եք, որովհետեւ այսօրվա երկրի անվտանգությունն ապահովում է լեգիտիմ իշխանությունը»։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունը քանակական ու որակական չափանիշներով ոչ միայն իր առջեւ դրած խնդիրները լուծել է, այլ ավելին` ունենք ձեռքբերումներ:
Քոչարյանի խոսքով` այդ ձեռքբերումները նկատել է նաեւ հակառակորդ երկրի պաշտպանության նախարարը:
Անդրանիկ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ նախորդ տարվա բյուջեի կատարողականի համաձայն` անվտանգության ամբողջ համակարգում կան ձեռքբերումներ:
Անդրադառնալով Ոստիկանության աշխատանքին, Քոչարյանն ասաց. «Ունենք ռեֆորմների հստակ օրակարգ եւ արդեն հաստատված օրենսդրական ընթացք այդ ռեֆորմներին իրականություն դարձնելու առումով»։
Նա խոսեց նաեւ ԱԻՆ-ի կատարած աշխատանքներից. «Մենք ունենք առաջընթաց։ Եթե ամբողջապես նայենք զուտ անտվանգության ոլորտին վերաբերող կառույցները, ապա բոլոր ուղղություններով էլ ունենք արձանագրած հաջողություններ»։





























