Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի հերթական վթարը հանգեցրել է պոչերի արտահոսքերի Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում:  Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»։

Պոչերը ողողել են կիրճը եւ կուտակվել հորում, որը Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության բազմացման համար:

Վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը եւ տեւել է մի քանի ժամ: Կանչով ժամանել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների խումբը, որը փորձել է կանգնեցնել պոչերի արտահոսքը: Խմբում էր նաեւ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը:

Թեպետ մինչեւ ժամը 13:00-ը կոմբինատի աշխատակիցների գործողությունների արդյունքում արտահոսքը թուլացել է, բայց հողն արդեն թունավորված է եղել կոնցենտրատով:

Այժմ ձկան, ինչպես նաեւ գյուղատնտեսական այլ ծրագրերի մասին մտածել այդ տարածքում հնարավոր չէ:

Նշենք, որ 2010թ. նոյեմբերին նույնպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարում վթար տեղի ունեցավ, եւ պոչերը լցվեցին անդրսահմանային Ողջի գետ: Արդյունքում պետական տեսչությունը վնասը գնահատեց 650 հազար դրամ, իսկ տուգանքի չափը սահմանվեց 100 հազար դրամ: