ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգի գնահատականները նոր չեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցոթյան ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով Համերբերգի` Հայաստանի վերաբերյալ զեկույցը:
Սաֆարյանի խոսքով, «ընդհանուր առմամբ, դա այն է, ինչ մենք զգում ենք 2008-ի մարտի 1-ի դեպքերից եւ դրան հաջորդած գործընթացներից հետո»: Զարմանալի է, որ եվրոպական կառույցի պաշտոնյան ավելի հետեւողական եղավ, քան որոշ քաղաքական ուժեր, հավելել է նա:
«Համերբերգի գնահատականներն, ըստ էության, չեն փոխվել: Նա պահանջում է արժանի հետաքննություն անցկացնել, առանց որի 2012 եւ 2013 թվականների ընտրությունները չեն կարող արդար լինել»,- նշել է «Ժառանգության» պատգամավորը, հավելելով, որ նման իրավիճակից խուսափելու համար, անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Նրա կարծիքով, քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումն արժանի է դրական գնահատականի, սակայն պետք է վերանայվեն այդ քաղաքական գործերով տրված գնահատականները, իսկ 10 մարդու սպանության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Պետք է անցկացվի լրացուցիչ թափանցիկ եւ հասարակության համար հասկանալի հետաքննություն:
Նշենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մայիսի 9-ին հրապարակել է իր զեկույցը Հայաստանի մասով, որտեղ մասնավորապես, ողջունում է քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումը, սակայն արձանագրում, որ «2008-ի մարտի 1-2-ին անվտանգության ծառայությունների կողմից ուժի կիրառումը անհամաչափ է եղել»:
Այս տարվա հունվարին Հայաստան կատարած այցից հետո ամփոփիչ ասուլիսում Թոմաս Համերբերգը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել մարտի 1-2-ի գործերով ազատազրկված գործիչներին: Նա նշել էր նաեւ, որ մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքները պարզելու պատասխանատվությունն ընկած է Գլխավոր դատախազության եվ Հատուկ քննչական ծատռայության վրա: Նա նաեւ քննադատել էր ոստիկանության գործողությունները, այդ ողբերգական դեպքերի ժամանակ:





























