Հայաստանի խորհրդարանը մայիսի 10-ին քննարկել է Աֆղանստանում հայկական ռազմական խաղաղապահ ուժերի ներկայացվածության մասին միջազգային համաձայնագրում փոփոխություններ մտցնելու հարցը։
Փաստաթուղթը, մասավորապես, նախատեսում է հայ խաղաղապահների տեղակայման ժամկետների երկարաձգում եւ դրա թվաքանակի ավելացում։
Ինչպես խորհրդարանի ամբիոնից ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ելնելով Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների նպատակահարմարությունից, կառավարությունն առաջարկում է Աֆղանաստանում հայկական ռազմական խաղաղապահ ուժերի ներկայությունը երկարաձգել մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը՝ խաղաղապահների թիվը 40-ից հասցնելով 45-ի, իսկ հերթափոխի ժամանակ՝ մինչեւ 90 հոգու։ Նա նաեւ հայտնեց, որ հայ զինվորականները շարունակում են մնալ գերմանական գումարտակի կազմում։
Նախարարը տեղեկացրեց, որ Վրաստանն Աֆղանստան է ուղարկել 924, իսկ Ադրբեջանը՝ 94 խաղաղապահ։ Սեյրան Օհանյանը նշեց նաեւ, որ Հայաստանն այս առումով չպետք է հետ մնա, եւ հայ խաղաղապահների հետագա ավելացումը մինչեւ 130 մարդ, իսկ հերթափոխի ժամանակ՝ 260 մարդ, կլուծի այդ հարցը։
Խոսելով այն մասին, որ Աֆղանստանից խաղաղապահների դուրսբերման վերջին ժամկետը 2014 թվականն է, Օհանյանը կասկած հայտնեց, որ այդ ժամանակ բոլոր խաղաղապահները դուրս կբերվեն այդ երկրից։ «Կարծում եմ, որ ռազմավարական կարեւոր շրջաններում խաղաղապահները կմնան 2014-ից հետո եւս»,- նկատեց նախարարը։




























