«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր` մայիսի 10-ին մահացել է Սեւանի հարկային տեսչության պետի տեղակալ Գեւորգ Նիկողոսյանը, ով ընտանիքի հետ վթարի էր ենթարկվել մայիսի 8-ին, ժամը 20-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում: Այդ մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, 50-ամյա Գեւորգ Նիկողոսյանը Volkswagen Passat 09 ՍՏ 505 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, հարվածել էր բետոնե արգելապատնեշներին եւ բախվել ճամփեզրի ծառերին:
Վթարի հետեւանքով, վարորդն ու մեքենայի ուղեւորները` կինը` 42-ամյա Նաիրա Հովհաննիսյանը, որդիները` 17-ամյա Մհեր Նիկողոսյանն ու 21-ամյա Տիգրան Նիկողոսյանը տեղափոխվել էին հիվանդանոց: Տղաներին տեղափոխել էին Սեւանի հիվանդանոց, ամուսիններին, որոնց վիճակն ավելի ծանր էր, տեղափոխել էին Երեւանի«Էրեբունի» հիվանդանոց:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանի որոշմամբ, հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























