Եվրոպական ժողովրդական կուսակցության պաշտոնական պատվիրակությունը Հայաստան կայցելի այս տարվա աշնանը։ Հարցերի շարքում կլինի իշխող հանրապետական կուսակցության անդամակցումը ԵԺԿ-ին: Այս մասին հայտնեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը։

Նրա խոսքով, ՀՀԿ-ին կուսակցության շարքեր ընդունելու որոշումը կախված է առաքելության ավարտից, եւ եթե այն դրական լինի, կնշանակի, որ ՀՀԿ ծրագիրը համապատասխանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության ծրագրին։

Նա նշեց, որ Հայաստանում ընթացող գործընթացների, մասնավորապես Ընտրական օրենսգրքում կատարվող բարփոխումների, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի հաջող ընթացքի դեպքում կարելի է դրական եզրակացություն տալ, որ ՀՀԿ ծրագիրը համապատասխանում է Եվրոպական ժողովրդական կուսակցության ծրագրին։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (European People`s Party) եվոպական ամենամեծ քաղաքական կուսակցությունն է։ Կուսակցության անդամներ են 39 երկրների 72 կուսակցություններ։