Արցախի ինքնորոշման իրավունքի չճանաչվածությունը նոր պատերազմի ռիսկ է ստեղծում ու հանգեցրել է Ադրբեջանի անթույլատրելի չափերի սպառազինման: Այս մասին այսօր` մայիսի 10-ին հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ-ում «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին, Թինա Շյոնին (տեղակալ), Անդրեաս Բեյքերին (նախագահի խորհրդական) եւ քննարկել ԼՂ կարգավորման, բանակցային գործընթացին, շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ ԼՂՀ ճանաչմանն այլընտրանք չկա, քանի որ ԼՂ ազգաբնակչությունն արդեն իսկ իրացրել է ապագաղութացման ու ինքնորոշման իր իրավունքն այնպես, ինչպես ԽՍՀՄ նախկին հանրապետությունները: Նրա խոսքով, այս 20 տարիների ընթացքում ԼՂՀ-ն ապացուցել է իր կենսունակությունը որպես պետություն եւ բավարարում է պետություններին ներկայացվող հիմնական չափանիշներին:

ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանն իր հերթին մտահոգիչ է համարել այն, որ շփման գծում հաճախակի դարձած դիվերսիաների կապակցությամբ միջազգային հանրության գնահատականները հասցեական չեն եւ ուղղված չեն հրադադարի ռեժիմը խախտող ու դիվերսիաներ հրահրող կողմին` Ադրբեջանին, եւ փորձում են պատասխանատվության բեռը հավասարապես բաշխել հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ:

Կարապետյանը խոսել է ուժային կառույցներում իրականացվող բարեփոխումներից, որոնց աջակցում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահողը նշել է, որ իրենց առաջնային նպատակներից են հանդիսանում քայլ առ քայլ խնդրի խաղաղ լուծմանը հասնելը,  հակամարտ կողմերի միջեւ հաղորդակցություն ապահովելը, վստահության միջոցների ամրապնդումը, շփման գծից դիպուկահարներին հեռացնելու` նախկինում կայացված որոշման իրագործումը, ինչը մեծ ջանքեր է պահանջում, լարվածության թուլացումը տարածաշրջանում: Նա վերահաստատեց իրենց դիրքորոշումն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության ամենափորձառու, հեղինակավոր ու մասնագիտացված հարթակն է եւ ամենեւին օգտակար չի լինի խնդրի կարգավորումն այլ ատյաններ տեղափոխելը: