Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած պտտահողմի ավերիչ հետեւանքները գյուղացիները սկսել են վերականգնել սեփական ուժերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղանիստի համայնքապետ Սենիկ Մարտիրոսյանը` նշելով, որ գյուղում պտտահողմը հասցրել է մոտ 38-40 մլն դրամի վնաս:

«Վնասի չափը մենք գնահատել ենք, ներկայացրել ենք Կառավարություն, դեռ ոչ մի  պատասխան չենք ստացել: Վնասները գյւողացիները սեփական ուժերով են սկսել վերանորոգել, որովհետեւ անձրեւները որ սկսվեն, ամբողջ տունն է փչանալու: Մարդիկ հիմնականում ոսկի են գրավ դրել, կամ պարտք են արել, որպեսզի իրենց տանիքները վերանորոգեն»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ պտտահողմի հետեւանքով կոտրված կամ շրջված գերեզմանաքարերը համայնքապետարանը սեփական միջոցներով է վերականգնել, դեռ չլուծված է  մնում վնասված գյուղտեխնիկայի հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղանիստ գյուղում հունիսի 20-ի առավոտյան մոտ 15 րոպե տեւած պտտահողմի հետեւանով 70-80 տուն է վնասվել, մեծ թվով գերեզմանաքարեր, գյուղատնտեսական տեխնիկա, այգիներ եւ մշակաբույսերի ցանքատարածություններ: