Դաշնակցությունն ունի իր սեփական տեսլականը. մենք երբեք չենք կարող նույնականանալ ինչ-որ մեկի հետ: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ այն հարցին, թե ՀՅԴ-ի տեսլականն ու գաղափարախոսությունը նման է նախկինների հետ արմատներով փոխկապակցված կուսակցությունների տեսլականին, որ համատեղ են հանդես գալիս ու քարկոծում են գործող իշխանություններին:

«Համագործակցությունը որևէ քաղաքական ուժի հետ, չի նշանակում միաձուլվել և հրաժարվել սեփական արժեքներից, ծրագրից ու տեսակետից, կամ ինքնուրույն օրակարգից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ գործիչը նշում է, որ իրենք տարբեր օրակարգերի շուրջ և տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցել են, բայց մշտապես պահել են իրենց ինքնուրույնությունը, երեսուն տարվա մեջ, բոլոր ընտրություններին դաշնակցությունը մասնակցել է ինքնուրույն և որևէ կուսակցության հետ դաշինքի մեջ չի մտել:

Մեկ այլ օգտատիրոջ այն հարցին, թե ՀՀ նախագահի հապճեպ ստորագրությունը ՍԴ փոփոխությունների տակ իր ստորագրությունը չդնելու վերաբերյալ արդյո՞ք ինչ-ինչ ուժերի ստիպողական գործողությունների հետեւանք է, այն էլ գիշերը, ոչ թե առավոտյան հրապարակված հրամանագիրն  արդյո՞ք մեսիջ էր նախագահի կողմից հանրությանը, այդ քայլին ստիպված անելու մասին, Սաղաթելյան պատասխանեց.

«Մենք մշտապես ասել ենք, որ հանրապետության նախագահը՝ պետության գլուխը, պետք է տեղիք չտար այսօրվա քաղաքական մեծամասնության ոտնձգություններին և իր խոսքը հստակ ասեր այն քայլերի մասին, որոնք  տեղի ունեցան ՍԴ հետ կապված»:

Օգտատերեից մեկն էլ հետաքրքրվում էր, արդյո՞ք հաջորդ իշխանությունները չեն ցանկանալու իրենց հերթին անել Սահմանադրության կամայական փոփոխություններ, Սաղաթելյանը պատասխանեց, որ եթե իրենք լինեն իշխանություն` ոչ, քանի որ իրենց համար Մայր օրենքն ու Սահմանադրությունը պահպանելը շատ մեծ ու կարևոր նշանակություն ունի: