Թուրքիայում վարչական դատարանը չեղյալ է համարել երկրի ՆԳՆ-ի կողմից ավելի վաղ կայացրած որոշումը` իջեցնել Ազգային ոստիկանության դեպարտամենտի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքի պաշտոնը` սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի պաշտպանության հարցում անփութության համար: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:
Դրան հաջորդած հետաքննությունը ցույց է տվել, որ ոստիկանությունը տեղեկացված է եղել լրագրողի սպանության ծրագրերին: Երկրի ՆԳՆ-ն իջեցրել էր Աքյուրեքի պաշտոնը, ով այդ ժամանակ ղեկավարում էր հետաքննչական վարչությունը, քանի որ համարել էր, որ նա նույնպես տեղյակ է եղել Հրանտ Դինքի սպանության ծրագրերին, սակայն չի կանխել այն:
Անկարայի 14-րդ վարչական դատարանը մայիսի 9-ին քննարկել է Աքյուրեքի վերաքննիչ բողոքը եւ որոշել չեղյալ համարել ՆԳՆ-ի որոշումը: Դատարանը համարել է, որ չկան կոնկրետ ապացույցներ, որոնց հիման վրա կարելի էր իջեցնել Աքյուրեքի պաշտոնը:





























