Խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Թուրքիայի մեծությամբ երրորդ կուսակցությունը` Ազգայնական շարժումը ներքաշվել է աղմկալի սեքսուալ սկանդալի մեջ:
Օրերս մի շարք կայքերում հայտնվել են տեսանյութեր կուսակցության չորս ղեկավարներ, այդ թվում Ազգայնական շարժման փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզիի գործուն մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, թաքնված տեսախցիկներով կատարված այս տեսագրություններում քաղաքական գործիչները, «սեռական բնույթի գործողություններ են իրականացնում երիտասարդ կանանց հետ»:
Այս սկանդալի արդյունքում առավել ծանր կացության մեջ է հայտնվել Ազգայնական շարժման առաջնորդ Դեւլեթ Բահչելին: Նա, մի կողմից, փորձել է ստիպել սկանդալում ներքաշված իր կուսակիցներին հրաժարական տալ եւ չմասնակցել ընտրություններին , մյուս կողմից` քննադատության է ենթարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարներին` պնդելով, որ հենց նրանք են կանգնած այս սկանդալի հետեւում:
Ստամբուլցի պատգամավորության թեկնածու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Իբրահիմ Ֆարուք Բայանդըր` ահա այն մարդու անունը, որն այս տեսագրությունները լույս աշխարհ բերեց: Հենց այդ մարդուն պատկանող կայքերն են, որ ընտրությունների նախօրեին տեղադրել են այս տեսագրությունները: Ես պահանջում եմ վարչապետ Էրդողանից, որ նա պաշտոնապես բացահայտի այս դավադրության հեղինակներին», - հայտարարել է Բահչելին:
Թուրք վերլուծաբաններից շատերը, սակայն, այս սկանդալը որակում են մահացու հարված թուրք ազգայնականների համար:





























