Կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքը տեղի է ունեցել տեղեկատվական բազայի համակարգի վրա հաքերական հարձակման հետեւանքով։ Այդ մասին հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գեւորգ Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ադրբեջանական հաքերների կողմից Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների եւ դրա հետեւանքով մահացածների տվյալների հափշտակմանը եւ հրապարակմանը։
Գեւորգ Հայրապետյանի խոսքով՝ իրավիճակն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դարձել, որ խնդիրը տեխնիկական միջոցների մեջ չէ, այլ աշխատանքի կազմակերպման հետեւանք է։ Համակարգը չի ենթարկվել կիբերհարձակումների։ Ամենայն հավանականությամբ՝ տվյալներն ունեցող անձինք ինչ-որ փուլում վատ են պաշտպանել իրենց էլեկտրոնային հարթակները։ Մի քանի փուլով ադրբեջանցի հաքերները հրապարակել են ավելի քան 4 հազար մարդու տվյալներ։
Պարզվել է՝ ոչ մեկը չգիտի, թե էլ ինչ է հաջողվել գողանալ ադրբեջանցի հաքերներին։ «Էլեկտրոնային համակարգի վրա հաքերական հարձակում չի եղել։ Սակայն ֆիշինգի զոհ կարող էր դառնալ անձը, որը տիրապետում էր աշխատանքի մասին տեղեկատվությանը»,-նշել է Հայրապետյանը։ Դեռեւս հայտնի չէ՝ ով է դարձել ֆիշինգի զոհ։





























