Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ, պատգամավոր Հասիփ Քափլանը Թուրքիայում քաղաքական գործիչների անձնական կյանքին վերաբերվող տեսագրությունների ի հայտ գալու մեջ մեղադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Firat գործակալության փոխանցմամբ՝ քուրդ գործիչն՝ անդրադառնալով վերջին շրջանում թուրք քաղաքական գործիչների անձնական կյանքին վերաբերող «սեքս տեսագրություններին», նշել է, թե Թուրքիայում պոռնո քաղաքականությունը Թուրքիայի վարչապետն է ներմուծել:
«Էրդողանն այդ ամենն անում է, որպեսզի պահի իշխանությունը: Մի թե՞ իսլամի մեջ դա բարոյական է համարվում: Վարչապետն ուրիշների սեռական կյանքը նկարահանելով դարձել է պոռնո քաղաքականության Թայիփ էֆենդին»,-նշել է Հասիփ Քափլանը:
Նշենք, որ Թուրքիայի մայր ընդդիմության՝ «ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալը նախորդ տարի հրաժարական էր տվել՝ ինտերնետում իր սեռական կյանքին վերաբերյալ սկանդալային մի տեսագրության հայտնվելուց հետո:
Վերջին օրերին «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար կազմի անդամների մասին եւս սեռական բնույթի տեսագրություններ էին հայտնվել, որ հետեւանքով արդեն մի քանի կուսակցական հրաժարական են ներկայացրել:




























