Վերջին տարում հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում այնքան շատ են, որ ավելի շուտ տեղին է խոսել հրադադարի բացակայության, քան առկայության մասին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նշենք, որ 1994թ. մայիսի 12-ին ստորագրվեց եռակողմ անժամկետ համաձայնագիրը հրադադարի ռեժիմի սահմանման մասին:

Նրա խոսքով, Ադրբեջանի ակտիացումը միտված չէ հայկական կողմին սադրելուն եւ այդկերպ նոր պատերազմ հրահրելուն: Ադրբեջանը սրում է իրավիճակը, բայց այլ նպատակով` հոգեբանական ճնշում գործադրելու համար: «Կարծում եմ` ադրբեջանական վերնախավը քաղաքական որոշում չունի ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: Իրավիճակի սրման նպատակն է հայկական կողմին մղել միակողմանի զիջումների»,- ասել հոգեբանն ու հավելել, թե Ադրբեջանը շարունակելու է շփման գծում լարվածության չափավոր ավելացումը:

Ջամալյանը նշել է, թե հայկական կողմը չպետք է տրվի սադրանքներին, այլ պետք է պատասխանի համաժեք եւ սթափ:

Նշենք, որ ընթացիկ տարվա 4 ամիսների ըթնացքում Ադրբեջանը 3500 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: