2021 թվականից սկսած շոտլանդական Johnnie Walker վիսկին սպառողների համար հասանելի կլինի էկոլոգիապես մաքուր թղթե շշերով՝ արտադրված առանց պլաստիկի օգտագործման, հայտնել է հռչակավոր ապրանքանիշի սեփականատեր Diageo ընկերությունը, փոխանցում է «Փրայմը»:
«Diageo-ն թունդ սպիրտային ըմպելիքների համար ստեղծել է աշխարհում առաջին թղթե շիշը, որը 100 տոկոսով պլաստիկից զուրկ է եւ ամբողջությամբ արտադրված է փայտի վերականգնվող աղբյուրներից: Շոտլանդական Johnnie Walker վիսկիով այս շիշը վաճառքում կհայտնվի 2021 թվականի սկզբին»,- նշված է արտադրողի հայտարարության մեջ:
Շիշը մշակել է Pulpex սթարթափը, որը Diageo-ն գործարկել է նորարարական փաթեթավորման տեխնոլոգիաների ուսումնասիրման համար: Հաշվի առնելով նախագծի էկոլոգիական արդիականությունը՝ Pulpex-ը կստեղծի գործընկերային կոնսորցիում, որը, բացի Diageo-ից, կմիավորի Unilever եւ PepsiCo ընկերությունները: Ենթադրվում է, որ 2021 թվականին այս արտադրողները կսկսեն թղթե շշերի մեջ լցնել նաեւ իրենց մի քանի ըմպելիքները:
Diageo-ն ստեղծվել է 1997 թվականին Guinness եւ GrandMet ընկերությունների միավորման արդյունքում, կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Diageo-ին են պատկանում Smirnoff, Johnnie Walker, Guinness, Baileys, J&B, Captain Morgan, Cuervo, Tanquarey, Crown Royal ապրանքանիշները, ինչպես նաեւ Beaulieu Vineyard եւ Sterling Vineyards գինիները: Ընկերության արտադրանքն իրացվում է աշխարհի 180 երկրներում: Diageo բաժնետոմսերը գնանշվում են Նյու Յորքի եւ Լոնդոնի ֆոնդային բորսաներում:





























