Մեծ Բրիտանիայում հնագետները մարդու մնացորդներ են հայտնաբերել, ով ապրել է մոտ երկու հազար տարի առաջ եւ «խորհրդավոր» սպանության զոհ է դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։
Գիտնականները չափահաս տղամարդու կմախք են հայտնաբերել Ուենդովեր քաղաքի մերձակայքում (Բաքինգհեմշիր կոմսություն) գտնվող Ուելվիք ֆերմայի մոտ: Ընդ որում, նա թաղված էր ջրանցքի մեջ՝ դեմքով դեպի ներքեւ եւ կապկպված ձեռքերով:
Հնագետների խոսքով՝ զոհի ճշգրիտ տարիքը դեռ հայտնի չէ, սակայն մասնագետները կարծում են, որ մնացորդներն առնվազն երկու հազար տարվա վաղեմության են։
«Ուելվիք ֆերմայից տղամարդու մահը մեզ համար առեղծված է մնում, բայց ձեռքերը կապված, դեմքով դեպի ներքեւ ջրափոսի մեջ հայտնվելու այդքան էլ շատ տարբերակներ չկան»,- նշել է նախագծի հնագետ, դոկտոր Ռեյչել Վուդը։
Մնացորդները հայտնաբերվել են HS2 ավտոճանապարհի շինարարական հատվածում տարվող հնագիտական աշխատանքների ժամանակ:





























