Հունաստանի Վարոս գյուղում հնագետները հողի եզակի պեղումներ են կատարել, որտեղ գտել են քարացած ծառաբնի հատված: Հետաքրքիր փաստ է, որ դրա երկարությունը կազմել է 8 մետրից ավելի: Ավելին՝ բնի արտաքին տեսքը, ներբնային օղակները եւ բուն կեղեւը երկար տարիների ընթացքում փաստացի չեն փչացել: Սա հետաքրքրել է մասնագետներին եւ թույլ տվել իրենց գտածոն մանրակրկիտ հետազոտել, փոխանցում է Planet- today-ը:
Հնագետները կատարել են ծառի արտաքին կողմի հետազոտություն, ինչն օգնել է նրանց հասկանալ դրա տարիքը: Նրանք նախատեսում են հետագայում մանրամասն անալիզի ենթարկել գտնված ծառի ներքին կազմությունը՝ օգտագործելով հատուկ էլեկտրոնային մանրադիտակ եւ ինովացիոն տեխնոլոգիաներ: Նման գործողությունները կարող են պարզել բնի տեսակը եւ ծագումը:
Հնագետներն այս փուլում ուսումնասիրում են ծառի միայն փոքր հատվածը, այնուհետեւ ցանկանում են այն ամբողջությամբ մակերեւույթ հանել գտածոյի ամբողջական հետազոտության նպատակով:
Արժե նշել, որ Լեմնոս եւ Լեսբոս կղզիների տարածքում բոլորին հայտնի քարացած անտառները լավ վիճակում են ակտիվ հրաբխային ռեակցիաների շնորհիվ, որոնք տեղի են ունեցել փաստացի 20 մլն տարի առաջ:
Հաճախակի ժայթքումները «սառեցրել» են ծառերը՝ դրանք ծածկելով նստվածքներով: Հիմա գիտնականները կարող են հետեւել հնագույն անտառների վիճակին՝ զուգահեռ ուսումնասիրելով դրանց կառուցվածքը:





























