Երեւանում վաղը` մայիսի 13-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա երկու կարեւոր ուսումնասիրությունների շնորհանդեսը, որոնք քարոզում են երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի մասին:
Դեռեւս մի քանի տարի առաջ Կառավառությունը նախաձեռնել էր երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումները, մասնավորապես` հաստատությունների բեռնաթափումը: Այդ երեխաների զգալի մասը, որոնց թվի կտրուկ անկում տարիների ընթացքում չի նկատվել, հաշմանդամ երեխաներ են:
«Երեխաների խնամքի հաստատությունների արագ գնահատում» եւ «Դեպի երեխայի խնամքի այլընտրանքային ծառայություններ. խնամքի հաստատությունների եւ համայնքային ծառայությունների ծախսերի գնահատումը Հայաստանում» ուսումնասիրությունները ներկայացնում են մանկատներում ապրող երեխաների իրավիճակը եւ նշում են, որ պետական ռեսուրսները, որոնք ներկայումս հատկացվում են մանկատներին պետք է ուղղված լինեն ընտանիքների աջակցությանը եւ երեխաների համար այլընտրանքային ընտանեկան տիպի խնամքի ծառայությունների ստեղծմանը:
Միջոցառմանը կմասնակցեն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արամ Սաֆարյանը, Արծվիկ Մինասյանը, Հակոբ Հակոբյանը, ՄԻՊ-ի, նաեւ միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























