Այսօր` մայիսի 12-ին «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հետ միասին այցելել են Նալբանդյան 106/1 հասցե (նախկինում ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի տարածք), որտեղ շինարարական մի կազմակերպություն բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել է շուրջ 9.000 քմ տարածք, սկսել ապօրինի շինարարություն եւ վտանգել բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը:
«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ այցելությանը մասնակցել են նաեւ բնապահպանական, նաեւ Facebook սոցիալական ցանցում ակտիվ «Մեր քաղաքը» խմբի ակտիվիստները: Քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչության կողմից դադարեցվել է հիշյալ կազմակերպության կողմից ինքնակամ շինարարական գործունեությունը, քանի որ կառուցվող շինության համար բացակայում են օրենքով նախատեսված փաստաթղթային հիմքերը եւ առկա է միայն նախկին մանկապարտեզի շենքը քանդելու թույլտվություն:
Բնակիչները պնդել են, որ, չնայած նախարարի հավաստիացումներին, կազմակերպությունը շարունակում է ապօրինի շինարարությունը: Ըստ որում, քանդման աշխատանքներն արդեն դուրս էին եկել նաեւ շենքին հարակից ավտոտնակների հատված:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ նրան ուղեկցող պաշտոնյանները լսեցին քաղաքացիներին ու բնապահպանական ակտիվիստներին եւ հաստատեցին, որ տվյալ տարածքում ծառերը կտրելու թույլտվություն առկա չէ:
Սակայն բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ ունեն տարածքի նախկին լուսանկարներ, որտեղից ակնհայտ է, որ կառուցապատողի կողմից տարածքում հատվել են նաեւ ծառեր:
«Ժառանգության» վարչության անդամ Կարինե Հակոբյանը պնդել է, որ լանդշաֆտի փոփոխություն է տեղի ունենում ոչ միայն այդ տարածքում, այլեւ ողջ քաղաքում, եւ համընդհանուր պետք է դադարեցվեն նման շինարարական աշխատանքները եւ կառուցապատում չիրականացվի պուրակների կամ բակերի կանաչ տարածքների, ըստ այդմ` նաեւ Երեւանի մաքուր օդի հաշվին:
Տեղում ծավալված բուռն քննարկումների արդյունքում, Բախշյանը եւ Սաֆարյանը առաջարկել են Բնապահպանության նախարարին` հանձնարարել կառուցապատողին, որպեսզի վերջինս վերալցնի ծառերի արմատները մերկացրած փոսերը, ինչպես նաեւ` նախարարությունը քննարկի հարցի բնապահպանական ասպեկտը: Նախարարը տեղեկացրել է, որ վաղը հարցը կքննարկվի նախարարությունում եւ քննարկմանը կհրավիրվեն «Ժառանգության» պատգամավորները:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած նախարարությունը լոկ վերահսկողություն է իրականացնում, իսկ հարցի քննարկման հասցեատերը Երեւանի քաղաքապետարանն է:




























