Հայկական կոնյակն այլեւս չի ստանա առավելություն ուրիշ ոգելից խմիչքների նկատմամբ հեռուստատեսային գովազդում եւ այլ ԶԼՄ-ներում, հայտարարել է «Գովազդի մասին» օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
Նրա խոսքով, մասնավորապես, այժմ արգելվում է 20 տոկոս եւ բարձր թնդությամբ ալկոհոլի գովազդը 06:00-ից 23:00-ի ընթացքում։ Բացառություն է արվել միայն հայկական կոնյակի համար՝ հաշվի առնելով Հայաստանում կոնյակի արտադրության եւ օգտագործման հին ավանդույթները։
«Այդուհանդերձ, այդպիսի դիրքորոշումը ստեղծում է մրցակցություն կոնյակի եւ այլ թունդ ոգելից խմիչքների միջեւ, այդ թվում՝ Եվրասիական միությունում արտադրված։ Իսկ ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ երկրները տնտեսական մրցակցության մասին իրենց կանոններում պետք է կիրառեն հավասար մոտեցում, այսինքն՝ իրենց ապրանքի համար չստեղծեն արհեստական առավելություններ Միության այլ երկրների ապրանքների նկատմամբ»,-պարզաբանել է Ավանեսյանը։
Այդ իսկ պատճառով, ինչպես նշել է փոխնախարարը, կոնյակի համար առավելությունը հանվել է, եւ դրա գովազդը նշված ժամանակ եւս արգելվել է։
Կարճ քննարկումից հետո պատգամավորներն արագ քվեարկել են ներկայացված օրինագծի օգտին, մասնավորապես կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։





























