Այսօր` մայիսի 12-ին Երեւանի «Արմենիա» հիվանդանոցում մահացել է օրեր առաջ Նոյ փողոցում վրաերթի ենթարկված 16-ամյա Նելլի  Մինասյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Հիշեցնենք, որ վրաերթը տեղի էր ունեցել մայիսի 7-ին, ժամը 19:30-ի սահմաններում Նոյի փողոցի 10/1 հասցեի դիմաց: Վարորդը վրաերթի էր ենթարկել 118 դպրոցի աշակերտուհի Նելլի Մինասյանին, եւ թողնելով անօգնական վիճակում, դիմել փախուստի: Աղջկան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվել: Հաջորդ օրը ՃՏՀ քննության բաժնի եւ Մալաթիայի ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում վրաերթ կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 29-ամյա Գարեգին Ղուկասյանը:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է նա` իր կողմից վարած ՎԱԶ-21063 մակնիշի 16 ՏԼ 019 համարանիշի ավտոմեքենայով:
Ղուկասյանը Եղվարդի ոստիկանության բաժնի պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի քրոջ որդին է, իսկ վրաերթը կատարելիս եղել է ոչ սթափ վիճակում:

Աղջկան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի