Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը նշել է տնտեսական վերականգնման աջակցության համար լայնածավալ խթանիչ միջոցառումների պահպանման անհրաժեշտությունը, եւ ասել է, որ կարգավորիչը, ինչպես ակնկալվում է, կօգտագործի ակտիվների գնման արտակարգ ծրագրերի ամբողջ ծավալը, որպեսզի եվրոգոտին կարողանա հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը, հայտնում է Reuters-ը:
«Ստացվող տվյալները ազդարարում են եվրոգոտում տնտեսական ակտիվության վերսկսումը, չնայած գործունեության մակարդակը մնում է ցածր այն մակարդակներից, որոնք գերակշռում էին մինչ կորոնավիրուսի համավարակը, եւ կանխատեսումը մնում է ծայրահեղ անորոշ»,- ասել է Լագարդը ԵԿԲ-ի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նիստի արդյունքների հիման վրա Կենտրոնական բանկը պահպանել է ակտիվների տոկոսադրույքների մակարդակը եւ ակտիվների գնման ծավալը՝ կրկնելով, որ պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, կարգավորել բոլոր գործիքները՝ սղաճը կայուն կերպով ուղեցույցներին մոտեցնելու համար: «Կառավարման խորհուրդը PEPP շրջանակներում կանցկացնի ակտիվների զուտ գնումներ՝ առնվազն մինչեւ 2021 թվականի հունիսի վերջը, եւ ամեն դեպքում, մինչեւ չհամարի, որ կորոնավիրուսի ճգնաժամի փուլն ավարտված է»,- ասված է ԵԿԲ-ի հաղորդագրության մեջ:
Ըստ Լագարդի, տնտեսական տվյալներն ու ուսումնասիրությունները վկայում են մայիս եւ հունիս ամիսներին տնտեսական նշանակալի, բայց անհավասար վերականգնման մասին: «Վերականգնման մասշտաբի վերաբերյալ անորոշությունը մնում է բարձր... Ռիսկերի հաշվեկշիռը շարունակում է հակվել դեպի նվազումը»,- ասել է ԵԿԲ ղեկավարը:
Ընդ որում, նա հավելել է, որ ԵԿԲ մակրոտնտեսական բազայի սցենարը հաշվի է առնում կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքը:
Կենտրոնական բանկը ակնկալում է, որ առաջիկա ամիսներին սղաճը նորից կդանդաղի, իսկ հետո կարագանա 2021 թ., ասել է Լագարդը:




























