Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Թալին ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրում:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ԼՏ 634 համարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 65 ՍՍ 052 համարանիշի ավտոմեքենաներ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար դեպքի վայրում այս պահին աշխատում են ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի տղաները:
Շտապօգնության մեքենան արդեն մարմնական վնասվածքներ ստացած 7 մարդու տեղափոխել է Աշտարակի քաղաքային հիվանդանոց:
Այդ 7 անձինք են «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ԼՏ 634 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կոտայքի մարզի Բյուրական գյուղի բնակիչ 74-ամյա Ալբերտ Ղազարյանը, նրա կինը` 70-ամյա Հերիքնազ Ղազարյանը, «ՎԱԶ-2106» մակնիշի 65 ՍՍ 052 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արագածոտնի Կոշ գյուղի բնակիչներ 24-ամյա Պատվական Վարդանյանը, նրա 1,5 տարեկան երեխան` Մկրտիչ Վարդանյանը, 21-ամյա Բուրաստան Գասպարյանը, 46-ամյա Ժիրայր Մելքոնյանը եւ 13-ամյա Մարիաննա Մելքոնյանը: Նրանք բոլորը գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի վայրում էին նաեւ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը` Աշտարակի ոստիկանապետ Իսրայելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Աշտարակի քննչական բաժնի քննիչը, ով դեպքի վայրում տեղազննման եւ քննչական աշխատանքներ է կատարում:
Դեպքի վայր են հրավիրել քարշակ ավտոմեքենաներ, որպեսզի Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ մենքեաները տեղափոխվեն Աշտարակի ոստիկանության տուգանային հրապարակ:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























