Մոլդովայի ընդդիմադիր «Գործողությունների եւ համերաշխության կուսակցությունը» (ԳՀԿ) իր առաջնորդին, նախկին վարչապետ Մայա Սանդուին նոյեմբերի 1-ին կայանալիք առաջիկա համապետական ընտրություններում նախագահի թեկնածու է առաջադրել: Այսպիսի որոշում շաբաթ օրը կայացվել է ԳՀԿ քաղխորհրդի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր պարտքն է մաքրել երկիրը այն քաղաքական գործիչներից, ովքեր Մոլդովան ընկալում են որպես իրենց հագեցածության համար անհատակ պարկ: Վստահ եմ, որ մեծ ջանքերով մենք կհաղթենք այս ընտրություններում: Եկել է լավ մարդկանց ժամանակը, ովքեր գիտեն, թե ինչպիսին պետք է լինի մեր երկիրը»,- ասել է Սանդուն՝ շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին: Ավելի վաղ «Պոլ Մոլդովա» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Անդրիան Կանդուն, որը հայտնի է որպես փախած օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի մտերիմ, հայտարարել է ընտրություններին նրա թեկնածությունը սատարելու մասին: Նա ասել է, որ ընդդիմության բոլոր քաղաքական գործիչներից նախկին վարչապետն ամենամեծ շանսերն ունի նախագահ Իգոր Դոդոնի հետ երկրորդ փուլ անցնելու:
Միաժամանակ, մեկ այլ եվրոպամետ կուսակցություն՝ «Արժանապատվություն եւ ճշմարտություն» հարթակը, նախկինում, որպես նախագահի թեկնածու, առաջադրել էր իր ղեկավարին՝ նախկին ՆԳ նախարար Անդրեյ Նաստասեին: 2016-ի վերջին ընտրություններում նա հանել էր իր թեկնածությունը՝ հօգուտ Սանդուի, եւ այս անգամ նրան կոչ է արեց փոխհատուցել, սակայն նա չի համաձայնել:
Ավելի վաղ Դոդոնը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում չէր բացառել, որ կառաջադրվի երկրորդ ժամկետի համար: Նրա խոսքերով՝ իր որոշումը կհրապարակի մինչեւ սեպտեմբերի 10-ը, երբ ավարտվի թեկնածուների առաջադրմանն աջակցելու համար ստորագրություններ հավաքելու նախաձեռնող խմբերի գրանցումը: Երկրի ամենամեծ «Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը» արդեն հայտարարել է, որ կաջակցի պետության ղեկավարին: Ըստ հարցումների, Սանդուն Դոդոնի հիմնական մրցակիցն է: Մասնավորապես, հունիսի սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 46,8%-ը պատրաստ է քվեարկել գործող նախագահի օգտին, իսկ Սանդուի համար կքվեարկի 30,4%-ը: Հաջորդը Նեստասեն է (6,6%) եւ Բելցիի քաղաքապետ Ռենատո Ուսատին (5,2%): Մնացած քաղաքական գործիչների վարկանիշը չի գերազանցում 3%-ը:





























