Լեհաստանը վերացրել է վաղեմության ժամկետը այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են կոմունիստական ռեժիմի պաշտոնատար անձանց կողմից։

Համապատասխան օրենքն այսօր ստորագրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, հայտնում է «Եւրոպական պրավդա»-ն՝ հղում անելով Polskie Radio-ին:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է օրենք, որը վերացնում է կոմունիստական ռեժիմի ներկայացուցիչների կողմից կատարված հանցագործությունների համար վաղեմության ժամկետը: Նոր օրենսդրության շնորհիվ «Հիշատակի ազգային ինստիտուտի» լեհ դատախազները հետագայում կկարողանան քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր պատասխանատու են, Լեհաստանում կատարված կոմունիստական հանցագործությունների համար:

Դրույթները որակում են կոմունիստական հանցագործությունները որպես հաշվեհարդար կամ մարդու իրավունքների ոտնահարման այլ ձեւեր` ընդդեմ անձանց կամ բնակչության խմբերի, որոնք կատարվել են 1917-1990 թվականներին։ Դրանք հանցագործություններ են համարվել լեհական օրենսդրությամբ, որը գործել է հանցագործությունների կատարման պահին:

Օրենսդրության նախորդ դրույթները նախատեսում էին, որ կոմունիստական հանցագործությունների համար վաղեմության ժամկետը սկսվում է 1990 թվականի օգոստոսի 1-ից, հանցագործությունների համար նախատեսված ժամկետներն ավարտվում են 40 տարի անց, եթե դա սպանության, պատերազմի կամ մարդկության դեմ ուղղված հանցագործության հարց է, եւ 30 տարի անց, եթե խոսքը կոմունիստական այլ հանցագործության մասին է: Վերջինիս համար հնարավոր չէ քրեական հետապնդում իրականացնել այս տարվա օգոստոսի 1-ից:

Օրինագծի հեղինակները հղում են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Օրենքի բացատրական գրության մեջ ասվում է, որ այն պաշտպանում է այն դիրքորոշումը, որ «ժողովրդավարական պետության պարտականությունն է դատապարտել հանցագործությունները, որոնք կատարվել են ամբողջատիրական (ավտորիտար) համակարգերում եւ չեն հետապնդվել քաղաքական նկատառումներից ելնելով»:

Լեհաստանի դատախազների համար կոմունիստական, ինչպես նաեւ նացիստական հանցագործությունների համար պատասխանատու անձանց հետապնդելը բխում է «Ազգային հիշատակի ինստիտուտի մասին» օրենքից:

Լեհական հետաքննության վարչությունից հայտնում են, որ Լեհաստանի ժողովրդի դեմ հանցագործությունների հետապնդման հանձնաժողովում բացվել է կոմունիստական հանցագործությունների 431 գործ:

Ավելի քան 300-ում օգտագործվում է «մարդկության դեմ հանցագործություն» որակումը, որը ենթակա չէ վաղեմության ժամկետի: