Տավուշի մարզի բնակավայրերից մարդկանց տարհանման որոշում չկա. տարհանման կարիք այս պահին չկա, այս պահին կառավարության հետ քննարկում ենք երեխաների հնարավոր ճամբարային ձեւաչափերը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որոնք սրտացավորեն առաջարկում են սահմանամերձ բնակաայրերի երեխաներին ընդունել իրենց տներում:
«Որոշում լինելու դեպքում ավելի քաղաքակիրթ ձեւով կիրականացնենք մեր երեխաների տեղափոխումը Տավուշից դուրս, որը նաեւ որոշակի վերականգնողական, կրթական, մշակութային նշանակություն կարող է ունենալ: Իհարկե, դժվարություններից մեկը կապված է համավարակային իրավիճակի հետ, դրա համար քննարկումը մի փոքր երկար է տեւեւմ, մինչեւ գտնենք համապատասխան ձեւաչափ»,-ասաց Չոբանյանը:




























