2010 թ. պետական բյուջեի հաշվետվության մեջ ներկայացված թվերն արժանահավատ են, սակայն կան խնդիրներ։ Այսօր՝ մայիսի 13-ին 2010 թ. պետական բյուջեի կատարողակի հաշվետվության քննարկումների ժամանակ իր ելույթը նման կերպ սկսեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։
Մասնավորապես՝ Ի. Զաքարյանը անարդյունավետ է համարում պետական գնումների համակարգը։ Նա հիշեցրեց, որ 2010 թ. պետական գնումների գործակալության կողմից իրականացվել է 337 մլրդ դրամ գնումներ։ «Պետությունը հանդես է գալիս 4-րդ կամ 5-րդ ձեռք, եւ մի քանի անգամ արհեստականորեն թանկացված գներով է ձեռք բերում ապրանքները»,- նշեց Ի. Զաքարյանը՝ հավելելով, որ որոշ մարդիկ կամ խմբեր դրա հետեւանքով գերշահույթներ են ձեւավորում։ Օրինակ՝ նշվեց, որ շինարարական նպատակներով օգտագործվող ավազի գինը սահմանվել է սովորական թղթի վրա, ձեռագրով ու ընդամենը 1 ստորագրությամբ (5800 դրամ)։ Նման տրամաբանությամբ, ըստ Ի. Զաքարյանի, չի կարելի առաջնորդվել։
Ի դեպ՝ հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ընդունելի համարեց Վերահսկիչ պալատի քննադատությունը։ Ֆինանսների նախարարության պաշտոնյան հիշեցրեց, որ 2011 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է գնումների մասին նոր օրենքը, որը թույլ կտա խուսափել կոռուպցիոն ռիսկերից։
Նշենք, որ գնումների պետական գործակալությունը 2011 թ. փետրվարի 1-ից վերափոխվել է գնումների աջակցման կենտրոնի։ Այդ կառույցի ղեկավարը, ինչպես եւ նախորդ տարի, Հակոբ Բեգլարյանն է՝ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը։




























