Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն առաջարկեց երկրորդ նախագահի եւ մյուսների գործով դատավարությունն ընդհատել մինչեւ վեթինգի ընթացակարգի ավարտը:
Փաստաբանն իր հայտարարությունը կատարեց դատավոր Աննա Դանիբեկյանի հերթական որոշումից հետո՝ հետաձգել փաստաբանների միջնորդության քննումը (այս անգամ՝ մի շարք, իրենց կարծիքով, առանցքային վկաներին հարցաքննության կանչելու մասին):
«Քանի դեռ վեթինգի գործընթացը չի ավարտվել, սա դամոկլյան սուր է դատավորների գլխին: Այն դատավորը, որը կհամարձակվի բավարարել մեր միջնորդությունները, կհայտնվի վեթինգի բացասական ազդեցության տակ: Այնպիսի տպավորություն է, դատարանը մշտապես հետաձգելու է միջնորդություններով որոշումները»,- նշեց փաստաբանը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր հերթին նշեց, որ վկաների մի մասը պատկառելի տարիքի է, իսկ ոմանք առողջական խնդիրներ ունեն: Սա նկատի ունենալով՝ նրանց կանչելը քննության համար գործնական նշանակություն ունի:





























